Այսօր Մոսկվայից Երևան է վերադարձել Հայաստանի ծանրամարտի հավաքականը, որը հիանալի հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում: «Զվարթնոց» օդանավակայանում մեր ծանրորդներին դիմավորել են մեծ ոգևորությամբ: Աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը չի խուսափել խոսել ձախողումից՝ վստահեցնելով, որ Տոկիոյում կգերազանցի բոլոր ակնկալիքները:
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը կաթնամթերքի շուկայում գնաճ չի կանխատեսում, դաշտը մրցակցային է, և գները ձևավորվում են շուկայի կանոններին համապատասխան, ասել է ՏՄՊՊՀ-նախագահը: Ձվի գնաճի հարցն էլ քննվում է, հանձնաժողովը վարույթ էր հարուցել դեռ մարտի վերջին օրերին: Արդյունքների մասին կհրապարակի վարույթն ավարտելուց հետո:
Առաջիկա օրերին պետությունը կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Առողջապահության նախարարությունն Աստրազենեկայի և Սպուտնիկ V-ի կիրառման համար երկու տարիքային խումբ է առանձնացրել: Ռիսկային խմբում գտնվող և մինչև 55 տարեկան քաղաքացիները կպատվաստվեն ռուսական պատվաստանյութով, 55-ից բարձր քաղաքացիները՝ բրիտանաշվեդական Աստրազենեկայով:
Թշնամին շարունակում է սադրանքները Արցախի բնակչության նկատմամբ: Օրեր առաջ ադրբեջանցիները կրակել են Սարուշենի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ: Իրավապահ մարմինները արձանագրություն են կազմել՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար: Վերջին շրջանում նշված տարածքում սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:
«Մենք գալիս ենք հաղթելու, իշխանություն վերցնելու, և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար»,- ԱԺ-ում լրագրողներին ասել է Միքայել Մելքումյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավորի խոսքով՝ հնարավորություն կա առաջին անգամ ընտրությունների միջոցով կատարել իշխանափոխություն: Այս հայտարարությունները Մելքումյանն արել է տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստից հետո: Նիստում քննարկվել է ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացման նախագիծը:
Արմավիրի մարզի Խորոնք համայնքի բնակիչներն առավոտյան փակել են Երևան-Էջմիածին ավտոճանապարհը: Գիշերը տեղի ունեցած հոսանքի տատանման հետևանքով խափանվել են համայնքի մոտ 122 տան էլեկտրական սարքերը: Բնակիչները պահանջել են փոխհատուցում, կամ էլ խափանված տեխնիկայի արագ նորոգում: Ճանապարհ փակած խորոնքցիների բողոքը լսել է մեր գործընկեր Արթուր Հովհաննեսյանը:
«Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի առաջնահերթ խնդիրներից է,դրանով զբաղվում է անձամբ գեներալ Մուրադովը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: «Գերիների խնդրի մասին խոսում են թե՛ մեր ղեկավարությունը, թե՛ խաղաղապահները: Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց»,-նշել է Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանը Երևանում մասնակցում էր տիեզերքի նվաճման 60-ամյակին և տիեզերագնացության օրվան նվիրված միջոցառմանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv