«Երբեք ավելի մեծ թվով գերիներ Հայաստան չեն վերադարձվել, որքան նոյեմբերի 9-ից հետո»,- այս մասին ԱԺ-կառավարություն հարց-պատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը համաձայնել է ԱԳ նախարարի այն հայտարարության հետ, որ Իլհամ Ալիևի հայտարարությունները սադրիչ են և իրարամերժ: Արա Այվազյանը, հակադարձելով պաշտոնական Բաքվին, հայտարարել է, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է: Ընդդիմադիրները կոշտ հարցադրումներ են ուղղել վարչապետին՝ նրա հրաժարականի պահանջից մինչև դավաճանների փնտրտուք և Ալիևի կողմից իրեն ուղղված վիրավորանքներ: Արձագանքելով դրանցից մեկին՝ Փաշինյանը հայտարարել է.«Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չենք ունեցել»:
«Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի»,- հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ Արման Թաթոյանի՝ սահմանների որոշումն իրականացվում է առանց մասնագիտական մոտեցման ու պատշաճ իրավական հիմքերի՝ խախտելով տեղի բնակչության իրավունքները: Օմբուդսմենը բարձրաձայնել է նաև սահմանային բնակավայրերի խաղաղ բնակչության անվտանգության խնդիրը:
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով: «Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, և այսպիսի քննարկումներով նաև կփորձենք գործնականում իրագործել այդ նպատակը»,- հայտարարել է վարչապետը: Փաշինյանն անհրաժեշտ է համարել համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ:
Առատ տեղումներից հետո երևանյան մի շարք փողոցներ, միջշենքային տարածություններ և մայթեզրեր շարունակում են մնալ չմաքրված: «Էպիկենտրոն»-ի խմբագրությունն ահազանգեր է ստացել, որ չմաքրված ձյան պատճառով խնդիրներ են առաջացել ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների տեղաշարժի համար: Քաղաքապետարանից պարզաբանել են, որ առաջնային կարգով մաքրել են մայրաքաղաքի գլխավոր ճանապարհները, շուտով հերթը կհասնի նաև մյուս փողոցներին:
Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա կին է մահացել: Շուշիկ Գյոդակյանը հիվանդանոց է տեղափոխվել հոգեվարքի մեջ՝ սառած վերջույթներով: Նրան հուղարկավորել են անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար նախատեսված վայրում: Տարեց կինն ապրում էր ծայրահեղ ծանր ու ցուրտ պայմաններում: Նրա հաշմանդամ ամուսինը սայլակով աղբ է հավաքում և այդ կերպ փորձում լուծել օրվա վառելիքի խնդիրը:
Մինչև 2023 թվականի ավարտը տարեկան 15 տոկոսով բարձրանալու է ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափը: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Այսպիսով, Եվրասիական տնտեսական միությունում ձևավորվելու է, այսպես կոչված, «ծխախոտի արտադրանքի պայմանական միասնական շուկա»: Ներկայացված հարցերը քննարկելուց հետո խոհրդարանը սպառել է օրակարգը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ նրանք առաջնային անհրաժեշտության սննդամթերք են հասցրել տներից զրկված շուռնուխցի 12 ընտանիքներին: Այցի շրջանակում պատգամավորները հանդիպել են Սիսիանի քաղաքապետի հետ, քննարկել անվտանգային հարցեր: Նրանք նաև այցելել են Սիսիանի քաղաքային պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախի երկրորդ պատերազմի ժամանակ զոհված հայորդիների հիշատակին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv