Լրանում է Սումգայիթում Խորհրդային Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացված հայերի դաժան սպանդի ու տեղահանության 33-րդ տարելիցը: Թալանվեցին բազմաթիվ տներ,ծեծվեցին ու սպանվեցին հարյուրավոր հայեր: Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը՝1988 թ., ԱՄՆ Սենատը՝1989 թ. և Արգենտինայի խորհրդարանը: Ողբերգական այդ իրադարձություններից 33 տարի անց էլ մեր հայրենակիցները նույն սարսափով են հիշում տեղի ունեցածը: Իսկ ոճրագործությունն իրագործողները մինչև այժմ չեն պատժվել:
Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու միջնորդությունը չստորագրելու մասին նախագահի որոշումը Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի մասնակիցներն ընդունել են բուռն ծափահարություններով: «Այն,ինչ իրականացնում ենք,մոտենում է ավարտին:Այս րոպեին սա մեծ հաղթանակ է»,- հայտարարել է Վազգեն Մանուկյանը: Ընդդիմության ներկայացուցիչները վերահաստատել են, որ մինչև վերջ կանգնելու են զինված ուժերի կողքին: Բանախոսները հայտարարել են, որ Հայաստան, Արցախ, Սփյուռք օղակներն այսօր հարվածի տակ են և ընդգծել, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:
Սյունիքի մարզկենտրոն Կապանում ևս բազմամարդ հանրահավաք է անցկացվել: Սյունեցիներն իրենց աջակցությունն են հայտնել Բանակին, Հայրենիքի փրկության շարժմանն ու պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Այսօր կերտվում է ոչ միայն մեր, այլև մեր սերունդների ապագան, ուստի բոլորս պետք է համախմբվենք մեր երկրի անվտանգության երաշխավոր բանակի շուրջ»,-հայտարարել է Կապան համայնքի ղեկավարը:Հանրահավաքից հետո սյունեցիները երթ են անցկացրել:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր կավարտվի Ստրանջայի մրցաշարը: Հայաստանն ունի եզրափակիչի մեկ մասնակից,ևս 3 մարզիկ նվաճել է բրոնզե մեդալ: Մրցման վայրից մանրամասներ կներկայացնի մեր գործընկեր Արամ Մանուկյանը: