Items filtered by date: Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2020
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 18.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Վարչապետի հրաժարականի պահանջով 17 կուսակցությունների ներկայացուցիչներն ու հազարավոր քաղաքացիներ հերթական հանրահավաքն են անցկացրել Ազատության հրապարակում: Հանրահավաքին մասնակցել է նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով ավելի վաղ հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկոյան ժամը 18-ին կրկին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:«Հող տվողը պետք է հեռանա, մենք պետք է չունենանք թուրքին պարտված ղեկավար»,- հայտարարել են հանրահավաքի մասնակիցները:

Այսօրվա հանրահավաքից առաջ կրկին ՀՔԾ են հրավիրվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ընդդիմադիր մի շարք այլ քաղաքական գործիչներ: Նրանց մեղադրում են ռազմական դրության պայմաններում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու հոդվածի հատկանիշներով: Ընդդիմադիրները մեղադրանքը չեն ընդունում՝ այն համարելով քաղաքական հետապնդում:

ԱՄՆ-ը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Մայք Պոմպեոն հայտնել է նաև հակամարտող կողմերին 5 մլն դոլար մարդասիրական աջակցություն տրամադրելու մասին: Միևնույն ժամանակ, Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առաջարկ է արվել Սենատում: Ռուսաստանի Դաշնային խորհուրդն էլ միաձայն ընդունել է բանաձև՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առաքելությանը լիարժեք թույլտվություն տալու մասին:

Պաշտպանության նախարարը երեկ այցելել է 2-րդ բանակային զորամիավորում: Մարտական հերթապահությունից վերադարձած սպաներն ու հրամանատարները ներկայացրել են սահմանի տվյալ ուղղությամբ առկա մարտավարական իրադրությունը: Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև առաջնագծից վերադարձած զինվորների ու նրանց դիմավորելու եկած ծնողների հետ: Նախարարն անդրադարձել է ժամկետային զինծառայողների արձակուրդների հարցին, վստահեցրել՝ կարճ ժամանակում կկազմակերպեն: Տոնոյանն այցելել է նաև ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորամասերից մեկը:

Հողերը հանձնելու մասին հայտարարության ստորագրումից հետո Երևանում կազմակերպված անկարգությունների համար 10 անձ կալանավորվել է,5-ը՝ ձերբակալվել, պարզվել է 7 տասնյակից ավելի անձանց ինքնությունը: Հայտնաբերված անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ և զղջացել կատարածի համար:

Ճանապարհային քարտեզի իրագործման համար կառավարության կազմում փոփոխություններ են իրականացվելու: 6 ամիսների համար նախատեսված ծրագիրը բաղկացած է 15 կետից: Այն վերաբերում է նաև պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ու քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովմանը: Ուշագրավ է, որ դրանով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում է նախատեսվում:

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջով մի խումբ քաղաքացիներ առավոտյան հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: «Միացե՛ք մեզ, պահանջե՛ք վարչապետի հրաժարականը»,- աշխատանքի շտապող պատգամավորներին հորդորել են ակցիայի մասնակիցները: Նրանք ստորագրված եռակողմ հայտարարությունը դավաճանական են որակել՝ պնդելով, եթե Փաշինյանը հեռանա, ապա հնարավոր կլինի փոխել փաստաթուղթը, նոր պայմաններ առաջադրել:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից մինչև Շուշիի հանձնել-չհանձնելու մասին պարզաբանումներ: Վլադիմիր Պուտինը Россия 24 հեռուստաընկերության եթերում ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է Ղարաբաղի հարցին: Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ Շուշիի հանձնման հարցը մինչև այս պատերազմը չի քննարկվել, իսկ ԼՂ կարգավիճակն ապագայի հարց է: Ռուսաստանի նախագահը նաև ասել է, որ եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից, դա կլինի ինքնասպանություն:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։