Պատերազմն անզոր է ճարտարցիների դեմ: Թեկուզ արկերի պայթյունների ներքո՝ նրանք չեն կորցրել հումորն ու իրենց խոսքի համն ու հոտը: Մարտական ոգով ու հաղթանակում համոզված՝ շարունակում են իրենց բաժին պայքարը. տղամարդիկ՝ առաջնագծում, կանայք՝ թիկունքում: Ներկայացնում ենք Արցախի մեր գործընկերների տրամադրած տեսանյութը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ: «Բարձր ենք գնահատում Ռուսաստանի և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն»,- ՖԲ-ում գրել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ Արցախում մեծ արձագանք են ստացել երեկ «Վալդայ» ակումբում Պուտինի հնչեցրած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:
Ասկերանի հրթիռահրետակոծության հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունենք: Վնասը միայն նյութական է: Քաղաքը կրակի տակ էր հայտնվել երեկ երեկոյան: Այժմ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, բայց տեղացիները զգոնությունը չեն կորցնում:
Արցախի անկախության ճանաչման պահանջով մի խումբ քաղաքացիներ բողոքի հերթական ցույցն են արել մեր երկրում ԱՄՆ դեսպանատան մոտ: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ամերիկան պարտավոր է հստակ գնահատական տալ թուրք-ադրբեջանական վայրագություններին:
Եվրոպայի հայերը բազմահազարանոց բողոքի ակցիա են անցկացրել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում: Մեր հայրենակիցները նախ այցելել են ՄԻԵԴ, որտեղ տարբեր կոչերով իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հանցագործությունների դեմ: Ակցիան շարունակվել է Եվրոպական խորհրդարանի առջև:
Ամերիկացի 30-ից ավելի կոնգրեսականներ մշակել են բանաձևի նախագիծ, որով կոչ են անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ճանաչել Արցախի անկախությունը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության հիմք: Հայանպաստ նախագծեր են շրջանառվում նաև Կոնգրեսի վերին պալատում: Մի խումբ սենատորներ ներկայացրել են բանաձևերի նախագծեր՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանին և Թուրքիային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը:
Ռազմաճակատի արևելյան ուղղությամբ համառ մարտեր են: «Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր»,- այս մասին կեսօրից հետո գրել է Արծրուն Հովհաննիսյանը: Առավոտվա դրությամբ տեղային նշանակության մարտեր են ընթացել ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը: Թշնամին կրկին թիրախավորել է խաղաղ բնակավայրերին, Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են «Սմերչ»-ով:
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել է ստեղծված պատերազմական ծանր իրավիճակը, կարևորվել է օր առաջ հումանիտար այս աղետը կանգնեցնելու հրամայականը և նախանշվել են առաջիկա օպերատիվ քայլերը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին կոչ է արել կամավորագրվել կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին: «Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: Այսօր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv