ԵԽԽՎ-ում որպես հրատապ թեմա քննարկվել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունը: Վեհաժողովը, հիշեցնենք, հրաժարվել էր քննարկել հայ ռազմագերիների հարցը, մինչդեռ Նավալնու հարցը դարձել է Ստրասբուրգի օրակարգի թիվ մեկ թեման։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է Նավալնու հարցի շուրջ բարձրացված համաշխարհային աղմուկին: Պատգամավորի գնահատմամբ՝ եվրոպական արժեքների լուրջ ճգնաժամ է, երբ մեկ բլոգերի հարցը շատ ավելի կարեւոր է դառնում, քան մի ամբողջ ժողովրդի հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունը։
Արցախում ևս մարդիկ հավաքվել են՝ հիշելու հանուն հայրենիքի մարտիրոսվածներին: Հայոց բանակի ու հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված հիշատակի ու հարգանքի երթը ձգվել է դեպի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար:Հոգեհանգստյան արարողակարգին հաջորդել է երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Արցախցիներն արժանին են մատուցել նրանց, ովքեր զենքը ձեռքներին այսօր էլ շարունակում են պաշտպանել հող հայրենին:
Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար ընկել են նաև բազմաթիվ ուսանողներ:Տղաներին հարազատ ԲՈՒՀ-երում հիշում են ամեն օր, նրանց սխրանքների օրինակով կրթվելու են նոր սերունդներ: Հերոսացած ուսանողների պատվին Մայր բուհում և Երևանի պետական բժշկական համալսարանում լսարաններ են անվանակոչել:
Հայաստանի 29-ամյա բանակը կազմավորման ու հատկապես պատերազմական բոլոր շրջաններում ունեցել է իր հերոսները:«Էպիկենտրոնն» այս անգամ զրուցել է Էդգար Մարկոսյանի հետ: Արցախի հերոսը բարձրագույն պարգևին արժանացել էր թշնամու տասը տանկ խոցելու համար: Էդգարն անկեղծացել է՝ կոչումն ու զոհված ընկերների պատիվը պարտադրում է նոր պատերազմ՝ հանուն հաղթանակի: Նույն մտքին է նաև Հայաստանի Ազգային հերոս Վահագն Ասատրյանի մայրը:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հայոց բանակի կազմավորման օրն առանձնապես չի տարբերվում մյուս օրերից: Հայրենիքի, զինված ուժերի ու զինվորի արժեքն այնտեղ հրաշալի գիտեն բոլորը: Կրկին շարք վերադառնալու համար վերականգնողական կուրս է անցնում նաև ռազմական բժիշկ, փոխգնդապետ Ալեքսանդր Ղամբարյանը: Բուժման ընթացքի և ապագա ծրագրերի մասին դոկտորը պատմել է մեր գործընկեր Արթուր Հովհաննեսյանին:
Բանակի օրն այս տարի նշվում է առանց տոնական միջոցառումների: Վաղ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել երկրի քաղաքական և ռազմական ղեկավարությունը: Բարձրաստիճան այրերը ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի, ինչպես նաև արցախյան երկու պատերազմներում զոհված հայորդիների շիրիմներին: Պաշտոնյաներից շատերը չեն պատասխանել լրագրողների հարցերին: Նիկոլ Փաշինյանին նյարդայնացրել է լրագրողի այն հարցը, թե արդյոք Շուշին ադրբեջանակա՞ն քաղաք է: Ի դեպ, այս տարի առաջին անգամ հոգևոր դասը՝ կաթողիկոսի գլխավորությամբ, «Եռաբլուր» է այցելել քաղաքական իշխանությունից առանձին, վարչապետի գնալուց հետո:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv