«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհուրդը, պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ, անցկացրեց ընդլայնված կազմով նիստ: Օրակարգային մի շարք հարցերի թվում էր նաև անցած տարիների աշխատանքային գործունեության ամփոփումն ու առաջիկա ծրագրերի քննարկումը: ԲՀԿ կանանց խորհուրդն այսուհետ իր աշխատանքը նոր ղեկավար կազմով կշարունակի: Պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանի հետ միասին խորհրդի աշխատանքները կհամակարգեն նրա տեղակալներ Թամարա Պողոսյանն ու Մարինա Մարգարյանը: Խորհրդի որոշմամբ նաև ձևավորվեց 5 նոր հանձնաժողով՝ գաղափարաքարոզչական, գյուղատնտեսական, սոցիալական, առողջապահական և կրթական:Կազմակերպության ուշադրության կենտրոնում անցած տարիներին առավելապես եղել են մեր երկրի թիրախային խմբերը՝ սոցիալապես անապահով ընտանիքներից մինչև արցախյան պատերազմի հերոսներ, միայնակ թոշակառուներից, տարեցներից ու հաշմանդամներից մինչև երեխաներ: Նիստի ժամանակ նշվեց, որ ԲՀԿ խմբակցությունն էլ մշակել է նաև օրենսդրական փոփոխությունների մի ամբողջ փաթեթ. ուշադրության առանցքում տարբեր ոլորտների լրջագույն խնդիրներն են՝ փոքր ու միջին բիզնեսից մինչև ավանդների փոխհատուցում և քրեակատարողական հիմնարկներ:Կուսակցության կայացման և մեր երկրի բարգավաճման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից շնորհակալագիր և խորհրդանշական հուշանվեր տրվեց խորհրդի առաջին նախագահ Գոհար Ենոքյանին: