Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Առաջնությանը մասնակցում է 68 երկրի ավելի քան 350 բռնցքամարտիկ: Հայաստանից առաջնությանը 10 բռնցքամարտիկ է մասնակցում: Ի դեպ, համաշխարհային այս ստուգատեսին մասնակցում է նաև Ադրբեջանի հավաքականը:
Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ներկաներին ողջունեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը. ՀԱՕԿ նախագահն արդար մրցակցություն մաղթեց կաշվե ձեռնոցի երիտասարդ վարպետներին:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կազմակերպվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համատեղ ջանքերով:
