«Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանի կարծիքով՝ ընտրություններին չմասնակցելը հավասար է դասալքության: Այսօր հրավիրված ասուլիսում Տերտերյանն ընդգծել է՝ իրենք նախկինների ու ներկաների միջև ներկայանում են որպես այլընտրանք: «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչն էլ պնդել է՝ այս ընտրությունները ազգային-ազատագրական պայքարի բաղադրիչ են: Նրանք հանրությանը կոչ են անում ընտրել ազգային իշխանություն:
«Հայոց հայրենիք» կուսակցությունն իշխանության գալու դեպքում խոստանում է առաջնահերթ լուծել ռազմագերիների և Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցերը, հզորացնել բանակը և տնտեսությունը: «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը առաջարկում է փոխել սահմանադրությունն ու երկրում հաստատել իրավունքի գերակայություն:
Կուսակցականները վստահ են՝ հաղթանակի մեծ հնարավորություն ունեն, խնդիրներին քաջատեղյակ են, բայց կարծում են ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու համար պետք է ձևավորել ազգային համաձայնության կառավարություն:
Հայ ազգային կոնգրեսը շարունակում է նախընտրական քարոզարշավը Հանրապետության մարզերում: Երեկ առաջին նախագահի թիմակիցներն այցելել են Կոտայքի մարզ, հանդիպել բնակիչների հետ:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների ուղեկցությամբ այցելել են մարզի մի քանի բնակավայրեր: Լոռեցիների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը մեկնաբանել է ընտրություններին 60 տոկոս հավաքելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
«Հայաստան» դաշինքը քարոզարշավի 9-րդ օրը սկսել է Արարատ մարզի Մասիս քաղաքից: Հանդիպման ընթացքում երկրորդ նախագահը ներկայացրել է իր քաղաքական թիմի ծրագրերը, ինտերակտիվ շփում ունեցել քաղաքացիների հետ: «Հայաստան» դաշինքն այսօր նաև արձագանքել է ՔՊ վարչապետի թեկնածուի մուրճով քարոզարշավին:
«Ադրբեջանի զորքերը աներկբայորեն պետք է դուրս գան ՀՀ սահմաններից»,- Սիսիանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա Սյունիք է ուղևորվել ավտոերթով, որին մասանակցելու համար հրարվիրել էր բոլոր մարզերի բնակիչներին: ՔՊ առաջնորդն այսօր ևս խոսել է թավշյա մանդատը պողպատյայով փոխարինելու մասին: Փաշինյանը նաև նշել է,որ Սյունիքը Հայաստանին հակադրելու փորձերը կանխվելու են:
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ այցելել է Արագածոտնի մարզ: Տարբեր համայնքներից հազարավոր քաղաքացիներ, ԲՀԿ նախագահին աջակցելու համար, ժամանել են մարզկենտրոն Աշտարակ: Գագիկ Ծառուկյանն իր ելույթում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մինչև 3 մլն դրամի հասնող վարկերի համաներումն իրատեսական չէ: ԲՀԿ վարչապետի թեկնածուն մանրամասն ներկայացրել է պետական բյուջեի ավելացման մեխանիզմներն ու տնտեսության զարգացման հնարավորությունները: Անդրադառնալով անվտանգությանը՝ Ծառուկյանն ուրվագծել է գիտելիքահեն պաշտպանական համակարգի տեսլականը: