Items filtered by date: Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2020
Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 16.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում անցկացվել է 17 ուժերի հերթական հանրահավաքը, որին մասնակցել են հազարավոր քաղաքացիներ: Ինչպես միշտ, տարածքում կենտրոնացված են եղել ոստիկանական մեծաթիվ ուժեր: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները կոշտ քննադատության են ենթարկել Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումն ու Աժ-ում Շուշիի մասին այսօրվա հայտարարությունը: Հանրահավաքի ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է 17 ուժերի գործողությունների ճանապարհային քարտեզը:

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր հավաքվել են ՊՆ-ի մոտ, հանդիպում պահանջել Դավիթ Տոնոյանի կամ Օնիկ Գասպարյանի հետ: «50 օր է անցել, բայց մեր երեխաներից լուր չկա: Ո՞վ պետք է պատասխան տա»,- վրդովվել են հարազատները: Լրագրողների հետ հանդիպել է գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարցերի հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը: Նա տեղեկացրել է, որ հայկական կողմը սպասում է Ադրբեջանի թույլտվությանը՝ մտնելու Ջեբրայիլի, Կուբաթլուի և Հադրութի շրջաններ՝ դիերի և անհետ կորած անձանց դուրս բերման նպատակով: Նա չի բացառել, որ միջանկյալ հատվածներում, հակառակորդի տարածքներում կարող են լինել ողջ մնացած մարդիկ:

Մինչև վարչապետի խորհրդարան գալը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպում է անցկացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա, ինչպես և ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին: Քննարկմանը չեն մասնակցել իշխող խմբակցության այն պատգամավորները, ովքեր հայտարարել էին մանդատը վայր դնելու և «Իմ քայլ»-ից դուրս գալու մասին: Լենա Նազարյանը «Էպիկենտրոն»-ին ասել է, որ հիմա արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում:

Թուրքիայի խորհրդարանին է ներկայացվել Ադրբեջան զինծառայողներ ուղարկելու մասին հրամանագիրը: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագծում նշվում է, որ խոսքը ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի ներկայացուցիչներին է վերաբերում: Բացի այդ, մի քանի աղբյուրներ հայտնում են ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը ղեկավարած թուրք գեներալների անունները և նրանց կոնկրետ գործողությունները: Wargonzo տելեգրամյան ալիքն էլ կրկին բացահայտում է ներկայացրել պատերազմի վերջին օրը հայտնաբերած ակնհայտ թուրքական հետքի մասին:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իշխանությունները ամենաբարձր մակարդակով՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և հրահանգով, շարունակում են Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական հետապնդումները: Տոնոյանը հայտնել է, որ իշխանությունները կյանքի գնով փորձում են ԲՀԿ նախագահին զրկել մանդատից:

Հադրութի բնակիչներն այսօր ևս կոչերով փողոց են դուրս եկել: Նրանք Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց հայտարարել են. «Հադրութը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Քաղաքացիներն իրենց հետ նամակ են տարել, որտեղ մի քանի կետով ներկայացրել են պահանջները հանրապետության նախագահին: Որոշ ժամանակ անց նրանց ընդունել են Բաղրամյան 26-ում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Հայաստանի ԱԱԾ տնօրենին, Ոստիկանության պետին, Գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայության պետին և քննչական կոմիտեի նախագահին՝ իրականացնելու օրենքով սահմանված քայլեր և գործողություններ Նիկոլ Փաշինյանի` կեսգիշերին կատարած ֆեյսբուքյան գրառման առնչությամբ: «Հորդորում ենք ժամ առաջ ձեռնարկել իրավական քայլեր՝ օրենքի ուժով Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելու և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար»,- նշված է դիմումի մեջ:

17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ իշխանություններից պահանջելով անհապաղ վերացնել ռազմական դրությունը՝ հնարավորություն տալով հանրությանը ազատորեն արտահայտելու իր դիրքորոշումները: 17 քաղաքական ուժերը նաև իրավապահ մարմիններից պահանջում են առաջնորդվել խաղաղ հավաքներն անխոչընդոտ ապահովելու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքով և վերջ տալ ծայր առած քաղաքական հետապնդումներին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԱԺ-ում հանդիպում անցկացնել խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Զարմանալի համարելով, որ Փաշինյանը միայն կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը հանձնելուց հետո է հիշել երկրի քաղաքական ուժերին՝ ԲՀԿ-ն հայտարարել է. «Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով»:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։