Մոսկայում հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Կրեմլում Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին դիմավորել է գրկախառնություններով: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միմյանց ձեռք չեն սեղմել: Հանդիպման բաց հատվածում խոսել է միայն Պուտինը՝ հայտարարելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է: Կրեմլի ղեկավարն ասել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ կձևավորվի եռակողմ աշխատանքային խումբ, որը կզբաղվի Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով: