Items filtered by date: Երկուշաբթի, 01 Փետրվարի 2021
Երկուշաբթի, 01 Փետրվարի 2021 22:15

Էպիկենտրոն 01.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Չնայած Ռուսաստանը Հայաստանի քաղաքացիների համար այսօրվանից մեկ ամսով բացել է օդային սահմանը, սակայն ոչ բոլոր տոմս ունեցողներին է հաջողվել մեկնել: Բազմաթիվ քաղաքացիներ խնդիրներ են ունեցել կորոնավիրուսի թեստի պատասխանի QR կոդի հետ: Շատերը միայն առավոտյան օդանավակայանում են իմացել, որ համակարգում ներառված են միայն երկու լաբորատորիա: Ուղևորահոսքի աճին զուգահեռ կտրուկ թանկացել են նաև ավիատոմսերը: Արտագաղթի նոր ալի՞ք, թե՞ ժամանակավոր արտագնա աշխատանք: Հարցի պատասխանը փորձել է ստանալ մեր գործընկեր Արթուր Հովհաննեսյանը:

Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում է ավելի քան 120 մարզիկ: Մրցումների առաջին օրը մեդալներ են խաղարկվել խոցասուսեր և ճկասուսեր զենքաձևերում: Առաջնության բացման արարողությունից առաջ Սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը ծննդյան 60-ամյակի առթիվ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պարգևատրվել է բարձրագույն շքանշանով:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել: Քննարկման թեման Շուշիի հարցն է: «Եթե դու հոկտեմբերի 19-ին ընդունեիր ՌԴ նախագահի առաջարկը, և պատերազմը կանգներ, Շուշին կմնար հայկական վերահսկողության տակ»,- ասել է Զոհրաբյանը: Ի թիվս ներքաղաքական տարբեր հարցերի՝ պատգամավորն անդրադարձել է նաև «Զվարթնոց»-ում այսօր ստեղծված իրավիճակին: Պատգամավորի գնահատմամբ՝ այն ինչ կատարվում էր օդանավակայանում, արմագեդոն էր:

Սամվել Ասատրյանը 55 օր գերության մեջ լինելուց հետո հայրենիք վերադարձած 44 անձանցից մեկն է: Պատերազմի 2-րդ օրը ճակատ մեկնած կամավորականը մեր նկարահանող խմբին պատմել է մարտական դժվարությունների, վիրավորվելու և մեկ շաբաթ վիրավոր մնալուց հետո գերի ընկնելու մասին: Թեպետ հիմա փորձում է կազդուրվել, մոռանալ գլխին եկածը, սակայն գիտի՝ հիշողության մեջ որոշ դրվագներ երբեք չեն մոռացվելու: Դրանցից մեկը Բաքվի բերդում երկու հայի հետ ծանոթությունն է, որը դեռ պիտի քավոր-սանիկությամբ հաստատվի:

«Զվարթնոց» օդանավակայանում գոյացած հերթերին անդրադարձել են պատգամավորները: Հայրենազրկումից հետո Հայաստանը կարող է նաև մարդաթափվել, մտահոգություն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Լուսավոր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանն էլ նշել է, որ իշխանությունը չունի այն լեգիտիմությունը, որպեսզի կարողանա արգելել քաղաքացիներին լքել երկիրը: Մինչև ընդդիմադիրներն անհրաժեշտ են համարում անհապաղ կանգնեցնել արտագաղթը, իշխանական պատգամավորը հայտարարում է՝ «որևէ մեկին զոռով չենք պահելու»:

Խորհրդարանում անցկացվել են լսումներ «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով: Լսումներին մասնակցել է նաև Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա պնդել է՝ հանրությանը որևէ կեղծ ինֆորմացիա չի տրամադրել: «Մինչև վերջին օրը հավատում էի, որ հաղթելու ենք, իսկ եթե ես հավատում էի, դա չի նշանակում, ինչ որ մեկին խաբել եմ»,- ասել է նա: Հովհաննիսյանը նաև նշել է՝ Շուշիի անկումն իր համար անակնկալ էր: «Կան լիքը մարտական դրվագներ, որոնք իմ ուղեղում էլ չեն տեղավորվում»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ պատերազմի հետ կապված մտահոգիչ հարցեր կան:

«Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել: ԱԱԾ-ն պարզել է, որ Գալստյանն ավելի քան 1 միլիոն դոլարի դիմաց ՊՆ-ին մատակարարել է հրանոթի արկեր, որոնք չեն համապատասխանել կնքված պայմանագրին և մարտական խնդրի լուծման համար արդյունավետ չեն եղել: Գալստյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։