Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը Արցախի հետ միասին 42 հազար քառակուսի կմ էր: Այժմ արդեն այդ Հայաստանը չկա՝ նրա ստորագրած հայտարարության պատճառով,հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարը, արձանագրել՝ ուրեմն Փաշինյանն էլ չպիտի լինի այս Հայաստանի ղեկավարը: «Լուսավոր Հայաստան»-ում քննարկել են ստեղծված իրավիճակը, որոշել՝ռազմական դրության իրավական ռեժիմը երկրում վերացնելու վերաբերյալ Ազգային ժողովի առանձին նախաձեռնություն կլինի 7 օր հետո:
Ամբողջ գիշեր բողոքի ակցիաներ անցկացնող քաղաքացիները լուսադեմին ներխուժել են խորհրդարան: Նրանք պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու գիշերը նրա ստորագրած եռակողմ համաձայնագրի չեղարկումը: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չեն խոչընդոտի իշխանական պատգամավորների մուտքը խորհրդարան, որպեսզի անհրաժեշտ քվորումն ապահովվի արտահերթ նիստ գումարելու համար: Այդ ընթացքում ԱԺ են եկել «Արաբո» ջոկատի հրամանատարն ու առաջնագծում կռվող կամավորները: Ցուցարարները կոտրել են խորհրդարանի դուռն ու ներս մտել:
Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղերձով դիմել է ժողովրդին: «Մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը: Թիկունքը այս իրավիճակում առավել քան երբևէ պետք է ամուր մնա»,-ասել է Գարեգին Երկրորդը: Կաթողիկոսը նաև կոչ է արել Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնել ժողովրդին՝ կայացված որոշումների և երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ։
«Եթե Արցախում մարտական գործողությունները երկար ժամանակ շարունակվեին, մենք կկորցնեինք ամբողջ Արցախը»,-ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ երեկվա որոշումը կայացրել են ստիպված՝ ավելի շատ զոհերից խուսափելու համար: «Շատ երկար փորձում էինք բանակցության սեղանի շուրջ քննարկել ու կանգնեցնել պատերազմը: Բայց դա հնարավոր չէր»,-ասել է Արցախի նախագահը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv