Հայկական կողմին հանձնված 29 հայ զինծառայողների դիակներից միայն 4-ին են հարազատները ճանաչել,-լրագրողներին ասել է քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: Համացանցում տարածված հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգման կադրերին անդրադառնալով՝ նա տեղեկացրել է, որ բոլոր տեսանյութերը զննվում են պատշաճ դատավարական ընթացակարգերի պայմաններում: Պաշտոնյայի խոսքով՝ գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով:
Բերդաքաղաք Շուշին շարունակում է անընդհատ հրետակոծվել: Քաղաքի հարակից բնակավայրերում թեժ մարտերը շարունակվել են, թշնամական ուժերն ունեն մեծ կորուստներ: Առավել մանրամասն՝ Արցախի մեր գործընկերների պատրաստած բացառիկ տեսանյութում:
Արցախյան խնդրի լուծումը ռազմադաշտում է. ԱԺ-ում հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Միևնույն ժամանակ պաշտոնյան նշել է, որ պատերազմի ընթացքում ակտիվորեն շարունակվում է գործակցությունը դաշնակիցների և հարևան երկրների հետ: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան՝ Քոչարյանը նշել է, որ իր տարածքի նկատմամբ ագրեսիայի պարագայում Հայաստանն առաջինը պետք է դիմի ոչ թե ՌԴ-ին,այլ ՄԱԿ-ին: Փոխարտգործնախարարը հանգամանորեն բացատրել է, թե ինչու:
«Արցախը որևէ ապագա չի ունեցել և չունի Ադրբեջանի կազմում: Նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի, դա չի լինելու»,-ԱԺ-ում հայտարարել է ԱԳ նախարարը: Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է առանցքային մի շարք հարցերի՝ Հարավային կովկասում ահաբեկիչների ներկայությանը, Հայաստան-Ռուսաստան խորհրդակցություններին, ՀԱՊԿ-ին դիմել- չդիմելու հարցերին: Մնացականյանը նաև պատասխանել է հարցին, թե արդյոք առաջիկայում Փաշինյան-Ալիև հանդիպում է նախատեսվում :
«Պատերազմն ավարտվի տուն ենք դառնալու և մեր Արցախն ավելի ենք հզորացնելու»,- «Էպիկնետրոն»-ին պատմել են Արցախից Երևան տեղափոխված մեր հայրենակիցները, որոնք հանգրվանել են Օլիմպավանում: Չնայած իրենց այստեղ վատ չեն զգում, բայց սրտատրոփ սպասում են առաջնագծից հաղթանակի լուրին:Մատաղիսից 74-ամա Նոռա տատիկը պատմել է,որ համացանցում տարածված լուսանկարներից մեկում տեսել է իր տունը, որի վրա ադրբեջանիցները դրոշ են դրել:«Կվերադառնամ,դրոշը դեն կնետեմ»,- հանդարտ տոնայնությամբ վստահեցրել է կինը:
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատվիրակությունը՝ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, Մոսկվայում հանդիպումներ է ունեցել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի և Պետդումայում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավար կազմերի հետ: Քննարկվել է Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: Կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը այն մարզօջախներից է, որը պատերազմը սկվելու առաջին իսկ օրերից հյուրընկալել է Արցախից ժամանակավորապես Հայաստան եկած ընտանիքների: Ավելի քան 70 մարդ այսօր ապրում է թիմի մարզաբազայում: Արցախցի երեխաները նաև ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն ունեն: Տասնամյա Սերգեյի հետ մարզիչները մեծ հույսեր են կապում: Արցախցի փոքրիկն էլ երազում է նմանվել Հենրիխ Մխիթարյանին : Հայկական ֆուտբոլի ապագա աստղի հետ հանդիպել ու զրուցել է մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը:
Արցախցի կանայք ու երեխաներն այսօր բողոքի ակցիա են արել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան առջև: Նրանք նաև նամակ են տարել՝ պահանջելով դադարեցնել ամոթալի լռությունն ու դատապարտել ահաբեկչական երկրների պատերազմական հանցագործություններն Արցախում: Դեսպանի հետ հանդիպել չի ստացվել, ինչից հետո ակցիայի մասնակիցները պատռել են նամակը՝ հայտարարելով, որ բռնության հանդեպ անտարբեր վերաբերմունքի պատճառով դեսպանատնից այլևս որևէ լուրջ ակնկալիք չունեն:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv