Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 71 երկրի 500-ից ավելի մարզիկներ կվիճարկեն բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոնական կոչումները:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը 10 քաշային կարգերից 7-ում ընտրել էր լավագույններին, իսկ 56կգ, 69կգ և 91կգ-ից բարձր քաշային կարգերում հավաքականի հիմնական կազմի անդամներին որոշելու համար նշանակվեցին սպարինգ մենամարտեր:
Դրանց ընթացքին անձամբ հետևեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
ՀԱՕԿ նախագահը խոստացավ, որ ազգային հավաքականի մարզաշապիկ կկրեն միայն արժանիները, ովքեր պատրաստ են բարձր պահել մեր երկրի մարզական պատիվը: Հավաքականի գլխավոր մարզիչն էլ հավաստիացրեց, որ մեր երկիրն այս տարի ոսկե մեդալ կնվաճի:
Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Առաջնությանը մասնակցում է 68 երկրի ավելի քան 350 բռնցքամարտիկ: Հայաստանից առաջնությանը 10 բռնցքամարտիկ է մասնակցում: Ի դեպ, համաշխարհային այս ստուգատեսին մասնակցում է նաև Ադրբեջանի հավաքականը:
Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ներկաներին ողջունեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը. ՀԱՕԿ նախագահն արդար մրցակցություն մաղթեց կաշվե ձեռնոցի երիտասարդ վարպետներին:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կազմակերպվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համատեղ ջանքերով:
Դեկտեմբերի 4-ից 6-ը տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել։
Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ ունեցան Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ:
Հանդիպումների շարքը մեկնարկեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:
Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ-ն այստեղ է Եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերակայություններից է:

Երևանում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համաշխարհային ստուգատեսի մեդալներն էին վիճարկում 68 երկրների շուրջ 400 բռնցքամարտիկներ:
Վճռորոշ մենամարտերին տեղում հետևեց նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, 4 հաղթանակ տոնելուց հետո, եզրափակիչ էր դուրս եկել 81կգ քաշային Նիկոլ Հարությունովը: Մեր բռնցքամարտիկը ոսկե մեդալի համար մենամարտում ուժերը չափեց շոտլանդացի Սքոթ Ֆորեստի հետ: Բոլոր երեք ռաունդներում էլ մրցավարները նախապատվությունը տվեցին Նիկոլ Հարությունովին: Ի վերջո, մեր բռնցքամարտիկը 13:9 հաշվով պարտության մատնեց շոտլանդացուն և աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն հռչակվեց:
Ոսկե մեդալից բացի մեր հավաքականը նաև մեկ բրոնզե մեդալ նվաճեց:Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց գերծանր քաշային Նարեկ Մելքոնյանը: Նա այս առաջնությունում զիջեց միայն ապագա չեմպիոն անգլիացի բռնցքամարտիկին: Աշխարհի առաջնության մասնակիցների անունից ԱԻԲԱ-ի նախագահ Չին Կու Վուն շնորհակալություն հայտնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային և ՀԱՕԿ նախագահին՝ համաշխարհային այս ստուգատեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Ուշագրավն այն է, որ հայկական կողմի ընդունելությունից գոհ էին նաև Ադրբեջանի պատվիրակները: Գագիկ Ծառուկյանը համոզված է՝ նմանօրինակ միջոցառումներն աշխարհին ներկայանալու լավագույն միջոցն են: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը փաստեց՝ Հայաստանը պատրաստ է անցկացնել Եվրոպայի և աշխարհի մեծահասակների առաջնությունները:

Դեռ մայիս ամսին` նախընտրական քարոզարշավի ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նուբարաշենցիները համայնքում եկեղեցի կառուցելու հարցում աջակցություն խնդրեցին: Այսօր արդեն կուսակցության առաջնորդը բարձրաստիճան հոգևոր այրերի և տեղի բնակչության հետ մասնակցում է Նուբարաշեն համայնքում եկեղեցու հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը: Եկեղեցու 16 հիմնաքարերի օծումը կատարեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, առաջին հիմնաքարի տեղադրման պատիվն էլ վերապահվեց Գագիկ Ծառուկյանին: Տասնամյակներ շարունակ Նուբարաշեն համայնքը եկեղեցի չի ունեցել: Տեղի բնակիչները ոգևորությամբ ընդունեցին այս պարգևը՝ անկեղծ երախտագիտության խոսքեր հղելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին: Հիմնարկեքի հանդիսավոր արարողությունից հետո համայնքի մեծ ու փոքր բնակիչներն, արդեն տոնական սեղանների շուրջ, շնորհավորեցին միմյանց:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv