Այսօրվանից հանրապետությունում մեկնարկել է ամառային զորակոչը: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում և հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթանում են հակահամաճարակային բոլոր միջոցառումների խստագույն պահպանմամբ՝ բացազատված բացօթյա տարածքներում: Աշխատանքները տեղում դիտարկելու և բանակ զորակոչվող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով հանրապետական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարարը: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ զորակոչիկների անվտանգության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է:
«Արմեն Սարգսյանը ձեռքերը լվանում է Սահմանադրական դատարանը գրավելու՝ իշխող ուժի քաղաքականությունից». այս համոզմանն է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ կարծում է՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների օրենքը չստորագրելու վերաբերյալ Արմեն Սարգսյանի հայտարարությունը «կանաչ լույս է» Արարատ Միրզոյանի համար: Ի՞նչ է նախատեսում Սահմանադրությունը նախագահի կողմից օրենքը չստորագրելու դեպքում, և ի՞նչ կլինի, եթե նախագահը որոշի նաև չդիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար: «Իմ քայլը»-ից հայտնել են, որ առաջնորդվելու են Սահմանադրությամբ:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական նիստը: Հարցաքննվել են «Սասնա ծռեր»-ի գործից անջատված գործի ամբաստանյալները: Նրանք մանրամասներ են պատմել գնդի գրավման գործընթացից, ինչպես նաև սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի հետ վերջին հանդիպումից: Հարցաքննությունն ընթացել է լարված մթնոլորտում, բանավեճ է տեղի ունեցել ամբաստանյալների և դատավոր Մեսրոպ Մակյանի միջև, վերջինը որոշել է դատարանից հեռացնել ամբաստանյալ Արմեն Բիլյանին:
Ամուլսարի հանքի տարածքում այսօր ևս իրավիճակը լարված է եղել: Ըստ ակտիվիստների՝ «Լիդիան» ընկերության պահնորդական նոր ծառայության աշխատակիցները, որոնք երեկ տարածքը պահպանող ջերմուկցիներին խոստացել էին այսօր՝ մինչև ժամը 11-ը, հեռանալ տարածքից, խոստումը չեն կատարել: Նրանց և քաղաքացիների միջև բախումներ են սկսվել: Իրավիճակը փորձել են կարգավորել տեղում հավաքված մեծաթիվ ոստիկանները:
Այս պահին Հայաստանում հնարավոր է օրական մինչև 2000 կորոնավիրուսի թեստ արտադրել, անհրաժեշտության դեպքում դրանց ծավալները հնարավոր է նաև ավելացնել, հայտնել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը: Ըստ Արսեն Առաքելյանի՝ հայկական թեստերի ճշգրտությունը 98-100 տոկոս է: Ինստիտուտում այժմ մոտ 6000 պատրաստի թեստ կա, որոնք առաջիկայում կհանձնվեն Առողջապահության նախարարությանը` հանրապետության տարածքում տեղաբաշխելու համար:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv